Վահան Քերոբյանը Ճապոնիայում հանդիպել է JETRO-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ

Վահան Քերոբյանը Ճապոնիայում հանդիպել է JETRO-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ճապոնիա կատարած այցի շրջանակում նոյեմբերի 13-ին, Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) կենտրոնական գրասենյակում, հանդիպում է ունեցել JETRO-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպմանը կողմները քննարկել են հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական հարցեր:
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմանները և օրեցօր ավելի ազատականացող օրենսդրությունը, և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել այս հարցում ամենայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, ինչպես նաև օժանդակել Հայաստանին համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու հարցում:
Կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի և պայմանավորվել հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: