Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը 2024-ին գնաճի կրկնակի նվազում է կանխատեսել

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը 2024-ին գնաճի կրկնակի նվազում է կանխատեսել

Ֆրանսիայի իշխանությունները հաջողությամբ հաղթահարել են գնաճային ճգնաժամը, և 2024-ին գնաճի մակարդակը մի փոքր բարձր կլինի 2%-ից, այսինքն՝ այժմ եղածի կեսը։ Այս մասին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական նախարար Բրունո Լը Մերը։

«Մենք հաղթում ենք գնաճի դեմ պայքարում, գնաճային ճգնաժամը անցյալում է: Ես դա հաստատում եմ: 2024 թվականին գնաճի ցուցանիշը մի փոքր բարձր կլինի 2%-ից: Մենք կվերադառնանք նորմային»,- ասել է պաշտոնյան France Inter ռադիոյի եթերում:

Նախարարն ընդգծել է, որ ճգնաժամը կարգավորելու համար կառավարությունից պահանջվել է «ընդամենը երկու տարի»՝ հիշեցնելով, որ 1970-ականներին Ֆրանսիան 10 տարի է պայքարել գնաճի դեմ։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականի սկզբին գնաճը հասել է 6%-ի, իսկ հոկտեմբերին՝ համաձայն սպառողական գների ներդաշնակեցված ինդեքսի, այն կազմել է 4.5%։

Միաժամանակ, Լը Մերը զգուշացրել է հնարավոր ռիսկային գործոնների մասին՝ էներգիայի գները և հակամարտությունը Մերձավոր Արևելքում, որոնք կարող են խաթարել գնաճի փոփոխությունների իր կանխատեսումը։