G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ

G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ
«Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։
«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ իրենք լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Աղբյուրը՝   armeniasputnik.am