Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ

Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, խոսելով հայ–թուրքական սահմանի բացման մասին, նշեց, որ սահմանների բացումը չի կարող վատ անդրադառնալ, որովհետև առևտուրը հարևանների հետ միշտ ավելի էժան է, բայց կա նաև կախվածություն հեռանկարից։

«Թուրք–ադրբեջանական տրամաբանության մեջ, ինչքան ես եմ հասկանում, ենթադրենք, Մեղրու երկաթուղու բացումը նշանակում է Մեղրիով անցնել դեպի Կարս, Կարսով շարունակել, և Հայաստանն այդ շրջանակներից դուրս թողնել։ Կհաջողվի՞, արդյոք, այնպիսի բանակցություն ունենալ, որ Հայաստանի այլ մասերում ևս առևտրի գործոններ լինեն, և բեռնափոխադրումներում լինի տնտեսապես փոխշահավետություն․․․», – ասաց նա «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։

Բացի այդ, Գաբրիելայնի խոսքով, վերջնական պայմանները, ինչով որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են պայմանագիր կնքել և ինչպիսին է լինելու խաղաղության պայմանագրի նրանց տնտեսական օրակարգը, հայտնի չեն։

«Այլ հավասար պայմաններում բաց սահմանները մշտապես բերում են տնտեսական աճի, սակայն եթե դուք այդ բաց սահմանների պարագայում ենթակառուցվածքներին հասու չեք, և դրանով Հայաստանի երկաթուղին, Հայաստանի ճանապարհները էական ազդեցություն չեն ունենալու և դրա փոխարեն Հայաստանը շրջանցող երկաթուղին է դառնալու առաջնայինը, դա այլ տրամաբանություն է», – պարզաբանեց նա։

Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»։

«Եթե ենթադրվում է, որ մենք ԵԱՏՄ–ից դուրս ենք գալիս, ապա այնտեղ (առաջանում են) այլ մաքսային ռեժիմներ, այլ հարաբերություններ, թուրքական և հայկական ապրանքների մրցունակություն և այլն։ Եթե մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ–ում, դա այլ խնդիր է», – ասաց նա՝ պարզաբանելով, որ խոսքը, մասնավորապես, գազի գնի մասին է։

Միաժամանակ տնտեսագետը հայտարարեց, որ իր համար սահմանների բացման տնտեսական օրակարգում անորոշության աստիճանը չափազանց մեծ է, որովհետև խոշորագույն խնդիրը փոխադարձ առևտուրն է։

«Եթե, ՀԱՊԿ–ից դուրս գալով, շարունակում եք մնալ ԵԱՏՄ–ում կամ դուրս եք գալիս և ՀԱՊԿ–ից, և ԵԱՏՄ–ից, դա մի խնդիր է, որովհետև դուք ամբողջովին չեք կարող ռուսական շուկային հարմարված ձեր արդյունաբերությունը և գյուղատնտեսությունն տեղափոխել Թուրքիա, Պարսկաստան կամ Եվրոպա, որովհետև եվրոպական շուկաներին հասանելիություն, որպես այդպիսին, չկա, Թուրքիան և Պարսկաստանն արտադրում են նմանատիպ արտադրանք, և եթե անգամ մենք գտնենք և ունենանք մեր «նիշերը», դա տևելու է որոշակի ժամանակ։ Պրոցեսները տևելու են տարիներ, և ամեն ինչ կախված է պարամետրերից, որոնցից այս պահին տեղյակ չեմ», – ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է ապաշրջափակումը հարվածել հայկական գյուղատնտեսությանը, երբ թուրքական ագրոմթերքը մտնի Հայաստան՝ Գաբրիելյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե երկիրն ունի մաքսային պաշտպանվածություն և դեմպինգային օրենքներ։

Նա կարևորեց նաև այն հարցը, թե սահմանների բացումը ենթադրու՞մ է, արդյոք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, պայմանագրերի կնքում և այդ պայմանագրերով դաշտերի կարգավորում։

«Պարամետրերը պարզ չեն։ Եթե պարամետրերը պարզ լինեն, հնարավորություն կլինի գնահատականներ տալ», – եզրափակեց նա։

Աղբյուրը՝   arka.am