ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի եւ պետական գույքի ոլորտների 2024 թ. հատկացումներն ու ծրագրերը
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ: Նախարարությանը նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ, որի մի մասը` ծախսային մասով, մյուս մասը` ենթավարկերով: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ, իսկ ենթավարկերով` 57,2 մլրդ դրամ: Նախարարությանը հաջորդ տարի 9,4 տոկոսով ավելի գումար է նախատեսված, քան 2023 թվականին: Մասնավորապես, տրանսպորտի ոլորտին նախատեսվում է հատկացնել 120 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 49,4 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 58,3 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` մոտ 126 մլրդ դրամ:
Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում իր ղեկավարած գերատեսչության ծախսերն ու ծրագրերն է ներկայացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
42,5 մլրդ դրամ նախատեսված է Հյուսիս-Հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար: «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստան» ծրագրի շրջանակում Դիլիջանի եւ Պուշկինի թունելների նախագծանախահաշվային աշխատանքներ են նախատեսվել. երկու թունելներն էլ չեն հիմնանորոգվել կառուցումից հետո, եւ այժմ հիմնանորոգման նախագծեր են պատվիրվել:
Ճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման կամ կամուրջների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման մասով մոտ 76 մլրդ դրամի հատկացում է նախատեսվում: Բյուջեով 340 կմ հիմնանորոգման համար հատկացված է 57,5 մլրդ դրամ: 2 մլրդ դրամ հատկացվել է տրանսպորտային 8 օբյեկտների հիմնանորոգման համար, մոտ 108 կմ ճանապարհի միջին նորոգման համար 5,1 մլրդ դրամ է նախատեսված:
11 մլրդ դրամ նախատեսված է միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների ամառային ու ձմեռային պահպանումների համար: «Մոտ 700 մլն այս տարի ավելի ենք նախատեսել մարզերում տեղական նշանակության ճանապարհների, հատկապես` գծանշումների համար: Ցավոք, բավականին մեծ ճանապարհային վթարներ եւ նման դեպքեր ունենք, ինչն էլ ենթադրում է, որ աշխատանքներ ենք փորձում տանել ճանապարհների ավելի պատշաճ կահավորման ուղղությամբ»,- ասել է նախարարը:
Էներգետիկայի ոլորտում գումարների մեծ մասը նախատեսված է ենթավարկերով: Բնագավառի համար 58,3 մլրդ դրամ է նախատեսված, որից 57,4 մլրդը` կապիտալ ծրագրերի համար: «էներգետիկական համակարգի զարգացման խոշոր ծրագիր ունենք, որում ներառվում են մեր մի շարք ենթակայանների վերակառուցումները կամ դրանց աշխատանքների շարունակումը: Հաջորդ տարի հույս ունենք մրցութային գործընթացներն ավարտել ու սկսել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Կրկնակի երկարաձգման ծրագրով ատոմակայանի աշխատանքի ժամկետը կերկարացվի համապատասխան թույլտվություններով մինչեւ 2036 թվականը: Հաջորդ տարի այդ նպատակի համար 20,2 մլրդ դրամ է նախատեսվել:
Պետական գույքի կառավարման ոլորտի հատկացումներից խոսելով` նախարարը նշել է. «Գույքերի վաճառքի կամ վարձակալության այլ մեթոդներով բյուջե մուտքագրվող գումարների մասով նշաձողը բարձրացրել ենք: Այնպես ենք կազմակերպել գործընթացը, որ ավանդաբար 10 մլրդի փոխարեն մուտքերը լինեն 15 մլրդի չափով»:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի` Հյուսիս-Հարավ ճանապարհին վերաբերող հարցին ի պատասխան` Գնել Սանոսյանը նշել է, որ 214 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել իրանական կողմի հետ, ծրագրի ժամկետը երեք տարի է եւ հաջորդ տարվա բյուջեում այս մասով գումար նախատեսված է:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցերին ի պատասխան էլ նախարարը ներկայացրել է ճանապարհների որակի ապահովման, հիմնանորոգման, կահավորման ու լուսավորության, ավիացիոն փոխադրումների, ռազմավարական ուղղություններով չվերթների իրականացման հարցերում իրականացվող քայլերը, էներգետիկայի ու տրանսպորտային ոլորտներում առկա խնդիրներն ու լուծման մեթոդները: