Պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած ճգնաժամային կառավարման

Պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած ճգնաժամային կառավարման

Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերյան ադրբեջանական էթնիկ զտման  գործողություններից հետո Հայաստան ժամանած բռնի տեղահանված քաղաքացիների թիվը 100 հազար 625 անձ է։ Նրանց կարիքներն այստեղ հոգալու համար Կառավարությունը հայտարարել է մի քանի աջակցության ծրագրերի մասին։ Որոշներն ապահովվել են կացարանով, մի մասը՝ սեփական միջոցներով բնակարաներ են գտել տարբեր մարզերում և քաղաքներում։  Միևնույն ժամանակ արցախցիների խնդիրները շարունակում են ակտուալ մնալ՝ կապված աշխատատեղերի, ֆինանսական այլ հարցերի հետ։

Տնտեսագետ Սոս Խաչիկյանը  ejc.am հետ զրույցում նկատում է՝ ո՞րքանով է պետությունը պատրաստ լուծել բռնի տեղահանված անձանց կարիքները։ Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մեր երկրի տնտեսությունը աշխատատեղերի և աշխատուժ ներգրավելու խնդիր ունի, պոտենցիալ՝ այդ ամենը կարգավորելու համար։ Այլ հարց է՝ թե դրա հնարավորությունը որքանով է պատրաստ տալ  կառավարման համակարգը։

«Բռնի տեղահանված անձանց աշխատանքի հետ կապված խնդիրների հարցում կարևոր է նաև պետություն-մասնավոր գործատուի համագործակցությունը։ Կարող են լինել քաղծառայողներ, որոնք աշխատանքի կանցնեն պետական և տեղական ինքնակառավարման համակարգում, բայց մասնավոր հատվածը նույնպես բավականին շատ աշխատատեղեր ունի, որի մասին մարդիկ գուցե տեղեկացված չլինեն և այդ համագործակցությունը կօգնի նրանց իրազեկել դրա մասին»,- ասում է նա։

 Խաչիկյանի խոսքով՝ մարդկանց մասնագիտական հմտությունների և այլ հարցերի վերաբերյալ խնդիրներ դժվար առաջանան, քանի որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործել է կրթական նույն համակարգը, նույն պետական կառավարման համակարգը․ «Այսինքն՝ այն համակարգի մարդիկ, որոնք այնտեղ աշխատել են, կարող են աշխատել նաև այստեղ։ Իսկ, եթե չունեն համապատասխան մասնագիտական գիտելիքներ, կարող են աշխատանք փնտրել, գտնել նաև մասնավոր հատվածում։ Այն մարդիկ, որոնք ունեն մասնագիտական ներուժ, աշխատել են այնտեղ, ինչպես ՀՀ համակարգի ցանկացած աշխատող, ապա որևէ խնդիր չեն ունենա, պարզապես պետք է տվյալների ճիշտ հավաքագրում և վերլուծություն անել»։

Ինչ վերաբերվում է պետության կողմից ֆինանսական աջակցության տրամադրմանը՝ տնտեսագետը նշում է, որ դրանք չեն կարող շարունակական լինել «Դրանք, այո, անհրաժեշտ պայմաններից էին, բայց շարունակական չեն կարող լինել, քանի որ վտանգավոր է նաև տնտեսության համար։ Ժամանակ է պետք, որ կատարվող գործողությունները արդյունավետ լինեն և տեղին, այսինքն՝ գործողությունների առաջընթացը կախված է կառավարման մարմինների գործունեության արդյունավետությունից»։

 Ըստ նրա՝ պետությունը պետք է պատրաստ լինի ցանկացած ճգնաժամային կառավարման։ Ընդամենը մի քանի օրվա մեջ 100 հազար մարդու ՀՀ ներգաղթը աննախադեպ երևույթ էր, որը բարդացրել է կառավարման համակարգի աշխատանքը, այն այժմ աշխատում է թույլ ինտեսիվությամբ։

 Ի՞նչ ծրագրեր է իրականացնում պետությունը Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար
Այս պահին պետությունն աջակցության երկու ծրագիր ունի՝ միանվագ 100 հազար դրամ բոլոր արցախցիներին և 50 հազարական դրամ ամեն ընտանիքին՝ տան վարձակալության և կոմունալ ծախսերի համար։

 100 հազար դրամ  միանվագ աջակցությունը կտարամադրվի բոլոր այն անձանց, որոնք ՀՀ են մուտք գործել սեպտեմբերի 24-ին և դրանից հետո։ Անհրաժեշտ է, որ նրանք ՀՀ մուտք գործած լինելուց հետո ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում հաշվառված լինեն, կամ Փարաքարի միասնական սոցիալական կայանում։ Բացի այդ հրապարակվել է 60-ից ավելի համայնքներում ստեղծված հումանիտար կայանները, որտեղ քաղաքացիները կարող են մոտենալ և հաշվառվել։

 Եթե բռնի տեղահանված քաղաքացին ունի բանկային քարտ, աջակցությունը կփոխանցվի այդ քարտին, եթե չունի՝ նախարարությունը հորդորում է մոտենալ բանկ և քարտային հաշիվ բացել։ Եթե ընտանիքի անդամները հինգն են, գումարը փոխնացվելու է յուրաքանչյուրի բանկային հաշվին։ Անչափահաս երեխայի դեպքում գումարը կփոխանցի մոր կամ օրինական ներկայացուցչի քարտային հաշվին։

Բացառություններ կլինեն, օրինակ, 75 տարին լրացած ու առաջին կամ երկրորդ խմբի անձիք, որոնք չունեն բանկային քարտ։ Նրանք կարող են դա ստանալ կանխիկ Հայ փոստից, նաև՝ փոստատարի միջոցով։

 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար վարձավճարների և կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցության վճարումն ընթացքի մեջ է։ Արդեն իսկ աջակցությունը վճարվել է 41611 անձի գործընթացը շարունակվում է։

Այս երկու ծրագրերն առայժմ առաջնային են, որոնք իրականացվում է Արցախից ՀՀ բռնի տեղափոխված անձանց համար։ Աշխատանք գտնելու հնարավորության համար էլ կա «Գտիր աշխատանք հարթակը»։