Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի

Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով ու փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներում ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են պահանջներ՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների ու վերահսկողության: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՏԿԵ փոխնախարարը հայտնել է, որ առկա խնդիրների կարգավորման սկիզբը դնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել էլեկտրոնային հարթակով գործունեության համար պետական տուրքը՝ տարեկան 1 մլն դրամ, լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից` 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3.5 տոկոսի չափով, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով:

«Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե: Մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում կսահմանվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունն ու պարտադիր կիրառությունը», - նշել է Արմեն Սիմոնյանը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշել է, որ նախագիծը շատ կարեւոր է, այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում: «Ավանդական գործող տաքսի ծառայությունները վերացել են, դրանց փոխարեն կան անհատ վարորդներ ու օնլայն հարթակներ, որոնց միջոցով վարորդները մատուցում են իրենց ծառայությունները: Պետության վերահսկողությունը թուլացել է: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն բոլորը կարող են տաքսի ծառայություններ մատուցել»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ ուղեւորափոխադրումների ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ այդ հարցում պետությունը որոշակի պահանջներ ու պայմաններ պետք է առաջ քաշի:

«Նախագծով միջանկյալ քայլ ենք կատարում, սկսում ենք օնլայն տաքսի ծառայություններից, որովհետեւ դրանք ծածկում են մեր ընդհանուր տաքսիների 70-80 տոկոսը», - նշել է Բաբկեն Թունյանը ու վստահեցրել՝ ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու: