«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով կսահմանվեն պատասխանատվության միջոցներ

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներով կսահմանվեն պատասխանատվության միջոցներ

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր եւ օրվա ընթացքում 24 ժամ:

 

Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 23-ի նիստում:

 

Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվության միջոցներ` կախված խախտման կատարման պարբերականությունից, մաքսային վճարներից եւ մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների պարտավորության առաջացման, ինչպես նաեւ արգելքների եւ սահմանափակումների չպահպանվածության հանգամանքներից: Նախատեսված պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի չկատարելու դեպքում ազգային օպերատորի գործունեությունը կարող է նաեւ դադարեցվել:

 

«Մասնավորապես, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված` իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտականությունը չկատարելու դեպքում առաջին անգամ առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով: Սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով»,- ասել է հիմնական զեկուցողը` մանրամասն ներկայացնելով նախագծով սահմանված տուգանքների չափերը: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում է առաջարկել եւս երկու լրացուցիչ փոփոխություն:

 

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ազգային օպերատորի կողմից թույլ տված խախտումներն ինչ հետեւանքներ կարող են առաջացնել, եւ նախկինում եղել են արդյոք նման նախադեպեր: «Նախադեպ դեռեւս չի եղել, որովհետեւ էլեկտրոնային համակարգը ներդրված չէ եւ չի աշխատում: Մեր օպերատորը նոր է ընտրվել, եւ մշակվում է էլեկտրոնային համակարգ, որպեսզի համագործակցի մյուս երկրների համապատասխան օպերատորների հետ»,- պատասխանել է Աշոտ Մուրադյանը:

 

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է ընտրվել օպերատորը եւ այս ժամանակահատվածում պետական բյուջեից որքան գումար է հատկացվել օպերատորի աշխատանքների համար: «Պետբյուջեից ֆինանսավորում օպերատորին ընդհանրապես նախատեսված չէ: Օպերատորի ծառայությունների համար վճարելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները: Օպերատորն ընտրվել է ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հայտարարված բաց մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:

 

Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ նախագծի ընդունմամբ կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը:

 

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: