Առողջապահության նախարարության կողմից պետպատվերով վերապատրաստում է անցել 300 բուժաշխատող
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը, ներկայացվել են պարզաբանումներ այն հարցերի կապակցությամբ, որոնք ստացվում են սոցիալական տարբեր հարթակներով:
Նազելի Բաղդասարյանը նախ անդրադարձել է 100 000 դրամ միանվագ աջակցությանը և տեղեկացրել, որ վաղը շուրջ 10 000 անձի ևս փոխանցում կիրականացվի: Նախորդ շաբաթվա տվյալներով առավել քան 80 000 անձի այս գումարը փոխանցվել է: Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ տվյալների մշակման գործընթացը շարունակվում է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցած տվյալների համաձայն, այն բոլոր դիմումները, որոնք անչափահասների գումարների հատկացման համար են լրացվում, մշակման փուլում են, վաղը կամփոփվեն և գումարը կփոխանցվի:
75-ից բարձր տարիքային խմբում գտնվող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 2000 անձի տվյալներ մշակվել են, որոնց դրամական փոխանցումը չի իրականացվի անկանխիկ եղանակով, այդ գումարը փոխանցվել է Հայփոստին, որտեղից էլ նրանք կարող են ստանալ այն: Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ այս որոշումը վերաբերում է բացառապես 100 000 դրամ միանվագ աջակցությանը: Աջակցության հետագա ծրագրերի շրջանակում գումարների հատկացումը կիրականացվի անկանխիկ եղանակով: Անդրադառնալով կառավարության նիստում այսօր կայացված որոշմանը, Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այդ որոշմամբ հատկացվել է անհրաժեշտ բյուջե՝ 40+10 հազար դրամ բնակվարձի և կոմունալ ծախսերի համար:
Անձն աջակցություն չի ստանա հետևյալ դեպքերում, եթե ունի սեփականություն Հայաստանում, բացակայում է Հայաստանից կամ բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։ Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է, որ այս աջակցության ծրագիրը 6 ամիս ժամկետով է և նախատեսված գումարները կփոխանցվի ամեն ամսվա կտրվածքով, այլ ոչ թե միանգամից: Նշվել է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Հետագա ամիսներին բնակվարձի և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը ստանալու համար մանրամասն կներկայացվի առաջիկա թողարկումների ընթացքում: