Հայաստանում կկառուցվի 70 հազար տոննա հզորությամբ ամրանների արտադրման գործարան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել են Քարակերտի քարաձուլման գործարան։
Հանդիպմանը ներկա են եղել ընկերության հիմնադիր տնօրեններ Մոհամմադ Հոսեյն Շադի Ղազանին, Մասուդ Մոհարամին և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ քարաձուլման այս գործարանի ներդրումային ծրագիրը համարվում է արդյունաբերության ոլորտի խոշոր ներդրումային ծրագրերից մեկը, որն իրականացվել է իրանցի ներդրողների կողմից 13 հա հողամասի վրա։
Հաշվի առնելով գործարանի արտադրական կարողություններն ու պողպատյա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության շուկայի պահանջարկը՝ ընկերության սեփականատերերն արդեն սկսել են ներդրումային ծրագրի երկրորդ փուլը՝ տարեկան 70 հազար տոննա հզորությամբ ամրանների արտադրման գործարանի կառուցումը։
Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում մեծ ուշադրություն է ցուցաբերվում արդյունաբերության ոլորտի զարգացմանը, և նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմանը։