Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել և ապահովել բարձր տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։
«Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն` 2023 թվականին նույնպես Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ, մենք հիմա վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գնահատականը պահպանողական է և մեծ հավանականությամբ Հայաստանն ավելի բարձր տնտեսական աճ կունենա: