Աշխեն Շիրվանյանն ընդունել է ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով։ Գյուղատնտեսության ոլորտում առկա ներուժին ծանոթանալու համար պատվիրակությունը եղել է նաև մի շարք գյուղատնտեսական ֆերմաներում։
Ամփոփելով իրանական պատվիրակության հետ կայացած հանդիպումների արդյունքները՝ Աշխեն Շիրվանյանը նշել է, որ քննարկումները եղել են բավականին արդյունավետ և կառուցողական։ Նա հույս է հայտնել, որ այցի ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադն իր խոսքում նույնպես կարևորել է փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ անասնաբուծության և անասնաբուժության, բուսասանիտարիայի, պատվաստանյութերի արտադրության և տոհմային կենդանիների սելեկցիայի ուղղությամբ։
Հանդիպման ավարտին Աշխեն Շիրվանյանը և Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը ստորագրել են ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստի արձանագրությունը։