Անաչառ ու առանց ծանոթ–բարեկամի միջամտության․ այս տարի կայացվել է անձի ֆունկցիոնալության գնահատման 3102 որոշում

2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող քաղաքացիներն անցնում են անձի ֆունկցիոնալության գնահատում՝ նախկինում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն։ Սա հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն վերլուծել քաղաքացու գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով նրանց սոցիալական ներառմանն ու կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ։
Այդ գործընթացն ավելի հեշտացնելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկվել է նաև e-disability.am հարթակը, որտեղ քաղաքացին ընդամենը մեկ հպումով է կատարում իր ֆունկցիոնալության գնահատումը։ Նոր համակարգը առաջին անգամ նրան հնարավորություն է տալիս ստեղծել և ներկայացնել առցանց դիմում ցանկացած պահի և ցանկացած վայրից։ Քաղաքացին այն կարող է ստեղծել անձամբ կամ օրինական ներկայացուցչի կողմից կամ ՄՍԾ օպերատորի օգնությամբ։ Դիմումի ընթացքի վերաբերյալ ծանուցումներ կարող են ստանալ նախընտրելի տարբերակով (էլ․ փոստի հասցե, փոստ կամ առձեռն)։ Դիմումի հետ միասին կարող է ստեղծել ու ներկայացնել ինքնագնահատման թերթիկ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը ejc.am-ի հետ զրույցում տեղեկացնում է՝ հարթակի գործարկումից մինչ այս տարվա հուլիսի մեկը կայացվել է ֆունկցիոնալության գնահատման 3102 որոշում։
«Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնում են անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները։ Գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից։ Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բժիշկ-փորձագետներ և հարբժշկական մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել նաև սոցիալական գործոնների համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները: Անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքում ձևավորվում է գնահատող նոր հանձնաժողով»,– մանրամասնում է նա։
Հաշմանդամության խմբերի փոխարեն ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ, այսուհետ սահմանվել են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր, խորը: Այս համատեքստում հաշմանդամությունն այլևս չի դիտարկվի որպես մշտական առողջական խնդիր․ հաշմանդամության գնահատման հիմքում, ըստ նախարարության, դրվում է ոչ միայն առողջական խնդիրների գործոնն, այլև՝ անձի հասարակական կյանքի գործունեության ու մասնակցության միջավայրային գործոնները։ Դիմումից որոշում օնլայն տարբերակով հինգ քայլ է։ Բոլոր դաշտերը լրացված լինելու դեպքում, համակարգը ինքն է որոշում բժշկական հանձնաժողովը։ Ամենաուշը յոթ օրում քաղաքացին տեղեկանում է հանձնաժողովի օրվա, վայրի ու ժամի մասին։
Համակարգի միջոցով անաչառ է նաև հանձնաժողովի ու ամփոփագիր մշակող մասնագետի ընտրությունը։ Տվյալ դեպքում քաղաքացին չի նույնականանում մասնագետների համար և քննվում է գործը, այլ ոչ թե անհատը։ Այսինքն՝ բացառվում են կանխակալ որոշումներն ու չարաշահումները։
Զառա Մանուչարյանի խոսքով՝ 2024 թվականի հունվարի 1-ից անձի ֆունկցիոնալության գնահատում կիրականացվի նաև կրկնակի դիմողների դեպքում։
«Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով՝ նախ քաղաքացին դիմում է բուժհաստատություն, որտեղ կազմվում է էլեկտրոնային ուղեգիր և փոխանցվում ֆունկցիոնալության գնահատման e-disability համակարգին, այնուհետև քաղաքացին մուտք է գործում e-disability.am համակարգ, լրացնում դիմում և ինքնագնահատման հարցաթերթիկ ու ներկայացնում դիմումը, հաջորդիվ, քաղաքացու դիմումը, այդ թվում՝ բուժհաստատություններից ստացված տվյալները համադրվում են պետական տեղեկատվական համակարգերի հետ: Եթե տվյալները ճշգրիտ են և ամբողջական, դիմումը կընդունվի, եթե ոչ՝ ապա դիմումը կմերժվի։ Ցանկացած դեպքում քաղաքացուն ուղարկվում է հաղորդագրություն դիմումի ընթացքի մասին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է ամփոփագիր մշակող մասնագետին և ուղարկում քաղաքացու դիմումը։ Ամփոփագիր մշակող մասնագետն առանց ծանոթանալու անձի անձնական տվյալներին, ուսումնասիրում է դիմումը և առկա տեղեկատվությունը, լրացնում ամփոփագիրը, ընտրում հանձնաժողովի ոլորտային բժիշկներին և հարբժիշկներին»,– ասում է նա;
Այն քաղաքացիները, ովքեր նոր համակարգից օգտվելու հետ կապված դժվարություններ ունեն, նրանց աջակցում են Միասնական սոցիալական ծառայության մասնագետները։ Ընթացիկ ներկայացվող դիմում-բողոքներն ու առաջարկները հընթացս դիտարկվում և կարգավորվում են։
Ըստ նախարարության ներկայացուցչի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները բողոքարկելը իրականացվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: Քաղաքացին կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայություն՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ կարող է բողոքարկել այն դատական կարգով: