Լիճքում 5000 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց է հիմնանորոգվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի կեսերից եւ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Լիճք գյուղի բոլոր տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Ալմասկա» ՍՊԸ շինարարները։
«Լիճքի խմելու ջրատար ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 14 կիլոմետր, որից նախորդ տարիներին հիմնանորոգվել է 9 կիլոմետր 700 մետրը։ Մնացած 4 կիլոմետր 300 մետր խմելու ջրատարի հիմնանորոգման, 1 աղբյուրակապի եւ 1 օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, որով էլ կամբողջանա Լիճքի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։