Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն լիցենզավորման ոլորտում առկա անհամապատասխանությունները

Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն լիցենզավորման ոլորտում առկա անհամապատասխանությունները

Կառավարության՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վայրի պահանջ չնախատեսվող լիցենզավորման գործունեությամբ զբաղվելու համար օտարերկրյա պետությունների իրավաբանական անձանց՝ իրենց պետության լիցենզիայի առկայության դեպքում նախատեսվում է պարզեցված կարգով թույլտվության տրամադրում: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ սեպտեմբերի 11-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները: Այս մասին նշվում է ԱԺ մամուլի հաղորդագրությունում։

Օրենքով միջուկային, ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների արտահանման ու ներմուծման գործունեության համար վայրի պահանջ չի նախատեսվում: Փոխնախարարի գնահատմամբ այդ բնագավառի համար, սակայն, պարզեցված կարգով թույլտվության տրամադրումը նպատակահարմար չէ: Առաջարկվող լրացմամբ նշյալ գործունեության տեսակների համար պարզեցված կարգ չի լինի, այլ լիցենզիա կտրամադրվի սահմանված ընթացակարգով:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը եւ գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել: