Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով

Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝ սննդամթերքի զուսպ էժանացման եւ թանկացող ծառայությունների պատճառով

Հայաստանում գնանկումը շատ չնչին է՝  սննդամթերքի գների զուսպ էժանացման եւ ծառայությունների շարունակվող թանկացման պատճառով։ Ընդ որում, սննդամթերքից առավել նկատելիորեն նվազել են արեւածաղկի ձեթի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի գները, եւ շատ ավելի քիչ գնանկումային ազդեցություն է բխել բանջարեղենից ու մրգերից։

Ընդ որում, մի փոքր ավելի զուսպ, քան նախորդ տարի, շարունակել են աճել ծառայությունների սակագները, ընդ որում, երկնիշ աճը պահպանվում է տրանսպորտի եւ հանգստի կազմակերպման ոլորտներում, ինչին ի հավելումն, ավելի արագ են թանկացել բուժծառայությունները։

Այսպես, 2023թ. օգոստոսին, 2022թ. օգոստոսի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է տարեկան 0,2% չնչին գնանկում (նախորդ տարվա 9,1% գնաճային ցուցանիշի դիմաց), ինչը արդյունք է պարենային ապրանքների 2,7% զուսպ էժանացման, ծառայությունների 3,6% թանկացման և ոչ պարենային ապրանքների գների անփոփոխության, ինչը, այնուամենայնիվ, ավելի լավ է թվում նախորդ տարվա գնաճային ցուցանիշներից՝ բոլոր երեք հորիզոնականներում, համապատասխանաբար, 12%, 6,2% և 8,2%։

2023թ. հունվար-օգոստոսին նույնպես արձանագրվել է  3,2% գնանկում (նախորդ տարվա գնաճային 5% - ի դիմաց), որը պայմանավորված է պարենային ապրանքների 7,6%, ոչ պարենային ապրանքների՝ 1,4% էժանացմամբ, ծառայությունների սակագների 1,9% աճի պայմաններում։ Որպես համեմատություն՝ նշենք, որ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պարենային ապրանքները թանկացել են 4.4% - ով, ոչ պարենային ապրանքները՝ 5.5% - ով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 5.5% - ով։

Իսկ տարեկան կտրվածքով (2023թ. հունվար-օգոստոս՝ 2022թ. հունվար-օգոստոսի նկատմամբ) գնաճը նվազել է մինչև 3,1% (նախորդ տարվա 8,4% - ից), ինչին ավելի պակաս չափով նպաստել պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացումները՝ 1,9% և 2,5%, քան ծառայությունների սակագների 5,2% բարձրացումը։ Որպես համեմատություն՝ նշենք, որ մեկ տարի առաջ ՝ 2022թ. հունվար-օգոստոսին, 2021թ. հունվար-օգոստոսի համեմատ գնաճի վրա հիմնական ազդեցությունն ունեցել է պարենային ապրանքների գների երկնիշ աճը ՝ 13% - ով, և մի փոքր ավելի պակաս չափով ՝ ոչ պարենային ապրանքների թանկացումը ՝ 6,7% - ով, և ծառայությունների սակագների բարձրացումը ՝ 4,1% - ով։

Աղբյուրը՝   finport.am