Հայկական դրամի 30-ամյակին նվիրված գիտաժողովի 1-ին պանելային քննարկումը․ «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»

Հայկական դրամի 30-ամյակին նվիրված գիտաժողովի 1-ին պանելային քննարկումը․ «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» բարձր մակարդակի գիտաժողովի առաջին պանելային քննարկման թեման էր «Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից։
 
Քննարկմանը մասնակցում էին`
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը
  • Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն
  • Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը
  • Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը
  • Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը քովիդի համավարակից հետո, աշխատելով բարդ միջավայրում, շատ արդյունավետ է գործել գների կայունությունն ապահովելու հարցում», - նշեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Աթանասիոս Օրֆանիդեսը` Կենտրոնական բանկի կազմակերպած բարձր մակարդակի գիտաժողովի ժամանակ:
«Դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը բարձր գնաճային միջավայրում» թեմայով պանելային քննարկման ժամանակ բանախոսները Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի` գների կայությունն ապահովելուն ուղղված ջանքերի համատեքստում դիտարկեցին ՀՀ ԿԲ-ի` գնաճի թիրախավորման քաղաքականությունը:
«ՀՀ կենտրոնական բանկը 2020 թվականի առաջին կիսամյակում առավել կոշտ քաղաքականություն է վարել և կարողացել է հասնել գների կայունության: Օրինակ, Եվրոպական կենտրոնական բանկը կամ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն ավելի ուշ են գնացել նման քայլերի, ինչը հանգեցրել է գնաճի», - ասաց Աթանասիոս Օրֆանիդեսը` հավելելով, որ չնայած գնաճի կանխատեսումներին երկար ժամանակ Եվրամիությունում հիմնական տոկոսադրույքը ցածր գոտում էր:
Ուստի տնտեսագետը կոչ արեց կենտրոնական բանկերին՝ չմոռանալ գիտության և դրա հիմքերի մասին և դրանց դեմ քայլեր չկատարել: «Չի կարելի ամեն բան վերագրել անորոշություններին և դրանով բացատրել որոշումներ չկայացնելը, քաղաքականություն չփոխելը», - նկատեց Օրֆանիդեսը:
Բանախոսներից Ֆրանսիայի բանկի տնտեսագիտության և միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Օլիվյե Գարնիեն զգուշացրեց, որ առաջիկա տասը տարիներին գնաճային ռիսկերը պահպանվելու են` առանձնացնելով դրանք առաջացնող մի քանի գործոն: Առաջին, շոկերի մեծություն և հաճախակիություն` պայմանավորված աշխարհաքաղաքական խնդիրներով, երկրորդ՝ գլոբալ մատակարարումների շղթաների փոփոխություն և արհեստական բանականության գործոնի հետ կապված անորոշությունները, և երրորդ՝ տնտեսության տարբեր բնագավառների միջև անհավասարության խորացում:
Արգենտինայի կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Ֆեդերիկո Ստուրցենեգերը, որն այժմ Սան Անդրեսի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, կարևորեց Կենտրոնական բանկի դերը՝ հատկապես կայուն արժույթ ունենալու համատեքստում: «Եթե այն չկա, ապա նորմալ գործող տնտեսություն ունենալը դառնում է երազանք», - նկատեց Ստուրցենեգերը` նշելով Արգենտինայի օրինակը, որտեղ գնաճը 30 տոկոս է:
Նրա խոսքով, տնտեսության նկատմամբ Կենտրոնական բանկի քաղաքականությունը պետք է լինի չեզոք, քանի որ գլխավոր դրամատան խնդիրը գների կայությունն է, ոչ թե արտադրությունների կամ դրանց ծավալների մեծացումը:
Քննարկման մյուս մասնակիցները` Ասիական զարգացման բանկի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սայուրի Շիրայը և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Համակարգային ռիսկերի կենտրոնի տնօրեն Ջոն Դանիելսոնը ևս կարևորեցին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության գործիքների դերը գնաճի զսպման գործում:
Քննարկման ամբողջական տարբերակին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=qdlCQ45eXrE