Նախաձեռնությամբ կկանոնակարգվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը

Նախաձեռնությամբ կկանոնակարգվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը

Առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Այդ նպատակով գործող օրենքը նախատեսվում է լրացնել նոր՝ 5.1-ին հոդվածով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացնել ցանկացած գույք եւ հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման եւ այլն:

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը:

Հանձնաժողովի անդամներին հիմնականում հետաքրքրել է վիճակագրությունը, թե որտեղ ինչքան անշարժ գույք կա եւ ինչպես է տեղի ունենալու դրանց անհատույց տրամադրման գործընթացը:

Առնակ Ավետիսյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո կտրամադրվի այդ վիճակագրությունը: Նա հորդորել է համայնքներին ներկայացնել հստակ ծրագրեր, իսկ Կառավարությունն ամեն ինչով կաջակցի դրանք կյանքի կոչելուն:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: