Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր
Կառավարության հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստան-Հունաստան քաղաքական երկխոսության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության բարձր մակարդակը նպաստավոր հիմքեր է ստեղծում պաշտպանության բնագավառում առավել սերտ և արդյունավետ համագործակցության համար, հետևաբար՝ Հայաստանը մեծապես կարևորում է նաև գործընկերային հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանն ուղղված ջանքերը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստան-ՆԱՏՕ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում: Փաստաթղթի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:
Նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում: