ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱկ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը,«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում անդրադարձել է գյուղատնտեսական նպատակով խոզանների այրման բացասական հետևաանքներին բնապահպանական տեսանկյունից։
Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, մասնավորապես հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն, ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտմանը, ինչպես նաև մարդու առողջության վատթարացմանը։
Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:
 Շատ տեսակներ, մասնավորապես որդերը, միջատները, սողունները, մանր կաթնասունները, կրծողները, մանր թռչունները, չունեն հնարավորություն հրդեհներից պաշտպանվելու կամ փրկվելու համար: Նրանք, ինչպես նաև դրանց բները, ձվերը, ձագերը և այլն, կարող են ոչնչանալ կրակի կամ ծայրահեղ շոգի պատճառով, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազմանը:
 Հրդեհները կարող են խախտել էկոհամակարգերի նուրբ հավասարակշռությունը, կարող են խաթարել էկոլոգիական գործընթացները, ինչպիսիք են սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը, բույսերի սերմերի տարածումը:
 Ուժեղ հրդեհները կարող են առաջացնել հողի էրոզիա և դեգրադացիա, ինչը ազդում է սննդանյութերի պարունակության և հողի կառուցվածքի վրա: Սա կարող է ազդել բույսերի վերականգնման և էկոհամակարգի ընդհանուր առողջության վրա: