Սիսիանում հայ-իրանական փառատոնի արդյունքը գերազանց է, 2 շաբաթ անց այն կկրկնվի սյունյաց այլ քաղաքում․Կապանում ԻԻՀ հյուպատոս

Սիսիանում հայ-իրանական փառատոնի արդյունքը գերազանց է, 2 շաբաթ անց այն կկրկնվի սյունյաց այլ քաղաքում․Կապանում ԻԻՀ հյուպատոս

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի  ունեցած  «Նավասարդ» մշակութային-խոհարարական փառատոնն  ունի 2 տարվա պատմություն և Իրանից ժամանած մասնակիցների թվով հասցրել է լուրջ արդյունքներ գրանցել։ Հայաստանում և Իրանում փառատոնին աջակցում են պետական մակարդակով։ «Տնտեսական լրագրողների ակումբը» փառատոնի ընթացքում զրուցել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, ով Սյունիքում է 2022թ.-ի օգոստոսից։

-Փառատոնը 2-րդ տարին է, ինչ կազմակերպվում է և իրանցի մասնակիցների թիվն էականորեն ավելացել է, Սյունիքում Ձեր ներկայությունն այդ հանգամանքի վրա ազդեցություն ունեցե՞լ է։

-Նախ, ուրախ եմ, որ այս պահին Սիսիանում եմ գտնվում, սյունեցիների հետ։ Տոնն ընդհանուր արմատներ ունի հայ և իրանցի ժողովուրդների համար։ Այո, այս տարի Իրանից ավելի շատ մասնակիցներ կան, դրան նպաստել է նաև Կապանում հյուպատոսության առկայությունը։ Նման փառատոն կկազմակերպվի նաև Կապանում մոտ 2 շաբաթ անց։  Վստահ եմ, որ հաջորդ տարի «Նավասարդ» փառատոնում իրանցիների թիվն ավելի շատ կլինի, քան այս տարի։

-Պարոն հյուպատոս, արդեն տևական ժամանակ է Սյունիքում եք, այս ընթացքում ի՞նչ այլ ծրագրեր եք նախանշել։ 

-Մոտավորապես 9 ամիս է, որ Հայաստանում եմ, նախանշված ծրագրերի մասով հաստատակամ ենք՝ ձգտում ենք, որ բոլորն իրականություն դառնան։ Բայց առաջինը պետք է հասկանանք ի՞նչն է հետաքրքիր հայկական կողմին։ Փորձում ենք միասին քննարկումներ ունենալ։ Դրանք առնչվում են մեր 2 երկրների հասարակական հարաբերությունների զարգացմանը։ Ծրագրեր ունենք համալսարանական, մշակութային, մարզական ոլորտում։

-Տնտեսական մասով կոնկրետ Ձեր միջնորդությամբ հայ-իրանական համագործակցության փոփոխություններ սպասվո՞ւմ են։  

–Տնտեսականը նույնպես մեր առաջնահերթություններից է։ Եթե 2 երկրների ժողովուրդները միմյանց ավելի լավ սկսեն հասկանալ և բարձրանա փոխադարձ ճանաչողությունը, դա անպայման կազդի առևտրատնտեսական կապերի վրա։ Ուստի մեկը մյուսի հետ փոխկապակցված  է։ 2 երկրների տնտեսական հարաբերությունները լավ վիճակում են, բայց ձգտում ենք ավելի զարգացնենք և արձանագրենք առևտրաշրջանառության աճ։

-Իրանական կողմը տնտեսական առումով ի՞նչ հետաքրքրություններ ունի Հայաստանում, մասնավորապես Սյունիքում։

-Սյունիքը շատ կարևոր մարզ է Իրանի համար, այն ռազմավարական նշանակություն ունի։ Ես հասցրել եմ հանդիպել Սիսիանի, Կապանի և Գորիսի համայնքապետերին, շրջել եմ քաղաքներում, ծանոթացել առօրյային, քաղաքներում զրուցել եմ տարբեր ոլորտների պատասխանատուների հետ։ Մի քանի ոլորտներում սկսել ենք քայլեր իրականացնել։ Իրանի՝ մեծությամբ 2–րդ քաղաք Սպահանից  2 համալսարանների դասախոսների պատվիրակություն է եկել Կապան, նախատեսում ենք համալսարանական համագործակցություն ունենալ։ Սիսիանի, Մեղրու և Կապանի համայնքապետերի տեղակալներն էլ օրեր առաջ գնացել են Սպահան քաղաք։ Մի քանի այլ փոխադարձ այցելություններ էլ կազմակերպչական փուլում են։ Արդյունքները տեսանելի կլինեն։

-Մեկ  տարի անց փոխգործակցության ի՞նչ  պատկեր կուզեիք տեսնել։

-Պետք է ձգտենք, որ մեր հարաբերությունները այնքան զարգացան, որ նմանվեն հին դարերի մեր ունեցած ուժեղ հարաբերություններին։  Մի շարք այլ երկրների հետ մեր հարաբերությունը նոր են, օրինակ, ունեն 50 կամ 200 տարվա պատմություն, բայց Հայաստանի հետ դրանք հազարամյակներ են ձգվում։Պետք է վերադառնանք  հին ժամանակների հարաբերությունների որակին։ Ունենք պատմամշակութային ընդհանրություններ։ Պարսկերենում և հայերենում լեզվական շատ փոխառություններ կան, 2 լեզուներն ունեն ընդհանուր բառեր ու ասացվածքներ։ Այս ընդհանրությունների ֆոնին պետք է ձգտենք բարելավել ամենը։

-Տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող երկրները ձգտում են ներկայացուցչություններ ունենալ Սյունիքում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ  «մրցակցությանը»։

-Երբ ինձ հարցրեցին՝ ինչպես եմ վերաբերվում այն հարցին, որ Ռուսաստանը ցանկանում է հյուպատոսարան բացել Կապանում, պատասխանեցի՝ եթե Ռուսաստանը կամ այլ երկրներ ուզում են գալ այստեղ ու ծառայել հայ ժողովրդին, հայկական շահին, ես բարի գալուստ եմ մաղթում բոլորին։