Վրաստանն ու Իսրայելը հաջորդ տարի կսկսեն ազատ առևտրի շուրջ բանակցությունները

Վրաստանն ու Իսրայելը հաջորդ տարի կսկսեն ազատ առևտրի շուրջ բանակցությունները

Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։

«Ուրախ եմ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ` Իսրայել կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երբ մենք հաջորդ տարի սկսենք ազատ առևտրի շուրջ բանակցությունները, մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության կապերը կշարունակեն ամրապնդվել: Շնորհակալ ենք Իսրայելին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար», – գրել է Ղարիբաշվիլին X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք՝  Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Իսրայել էր մեկնել օգոստոսի 16-ին՝ գլխավորելով կառավարական պատվիրակությունը։

Մայիսին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Նիր Բարկատը հռչակագիր էին ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության ուսումնասիրությունն ավարտելու վերաբերյալ։

 

Աղբյուրը՝   b24.am