Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար օրինապահության չափանիշներ կսահմանվեն․ նախագիծ

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար օրինապահության չափանիշներ կսահմանվեն․ նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պարզեցված ընթացակարգեր սահմանել բարեխիղճ տնտեսվարողների համար՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ «Օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով՝ նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։

Առաջարկվող իրակարգավորման համաձայն՝  նախագծի ընդունման արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։

Ըստ նախագծի՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձինք օրինապահության հավաստագիր ստանալու նպատակով պետք է բավարարեն մի շարք չափանիշների, այդ թվում՝ հանդիսանան հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող, բացակայեն հաշվետու ժամանակահատվածում հարկային և մաքսային մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ արձանագրված իրավախախտումները, հարկային կամ մաքսային մարմինների կողմից հարուցված և չավարտված քրեական կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթները, սկսված և չավարտված կամերալ և արտագնա մաքսային ստուգումները, ՀՀ և ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրական ձևերի` մաքսային մարմիններին ներկայացման երկու և ավելի անգամ խախտման  հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից առնվազն 300 մլն ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման գործունեության իրականացումը։

Նախագծով սահմանված է նաև օրինապահության հավաստագիր սրանալու դիմումի ձևը։ Օրինապահության հավաստագիր ստանալու համար տնտեսվարաողը դիմումով պետք է հավաստի, որ  սահմանված ժամկետում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չի տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունի, մաքսային մարմին ներկայացված տվյալները ճշգրիտ են և ամբողջական։

Ըստ ՊԵԿ-ի հիմնավորման՝ ներկայումս բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար պարզեցված ընթացակարգերի սահմանումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական նպատակ։