Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ պաշտոնավարումն ավարտող դեսպանը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ըստ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի մամուլի հաղորդագրության, հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես, Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարևոր աշխատանքի և ներդրված ջանքերի համար:
Ըստ աղբյուրի՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Կառավարության բարեփոխումներին:
Նշվում է, որ զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ընդգծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաև Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված և իրականացվող ծրագրերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության համագործակցությունը Եվրոպական միության հետ արդեն մի քանի տարի ինստիտուցիոնալ բնույթ է կրում՝ տարբեր հարթակների միջոցով կողմերի միջև ապահովելով պարբերական և կառուցողական քննարկումներ ի նպաստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման: