Թիրախներն ամրագրված են, խոստումները կան, բայց կդառնա՞ ն իրականություն

Թիրախներն ամրագրված են, խոստումները կան, բայց կդառնա՞ ն իրականություն

7 տոկոս տնտեսական աճ՝ առաջիկա տարիների համար։ ՀՀ կառավարությունը թիրախային այս ցուցանիշն է ընտրել 2024–2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ընդգծում  է՝  2022–ից Հայաստանում տնտեսական երկնիշ աճ է արձանագրվում։ Միտումը  շարունակվում է, բայց մինչև տարեվերջ, ըստ փոխնախարարի, որոշակի անկում հնարավոր է։ Վահան Սիրունյանը միջնաժամկետ հատվածում 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է համարում։ Նրա խոսքով՝ կառավարությունն  ունի պահուստային միջոցներ, որոնց համար ծախսեր պլանավորված չեն։ Դրանք թույլ կտան կանխել անցանկալի սցենարները։

Փորձագիտական դաշտում, սակայն,պաշտոնական լավատեսությունը չեն կիսում։ Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում հիշեցնում է՝ բարենպաստ միջավայր ձևավորվել էր, բայց արդեն այս կիսամյակային ցուցանիշները համեստ են։

Որքան էլ 2022 թվականին տնտեսական աճը տպավորիչ էր, 2023 առաջին կիսամյակում արդեն որոշակի դանդաղում նկատվում է։ Կիսամյակային տվյալներով, աճը առևտրի ու ծառայությունների ոլորտում է։ Մինչդեռ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, մեղմ ասած, տվյալները տպավորիչ չեն։

«Մայիսին գրանցված աճից հետո այս տարվա հունիսին արդյունաբերության ոլորտում 74 տոկոս անկում է  գրանցվել։ Մինչդեռ անցած տարի աճը բավականին բարձր էր՝ 192 տոկոս։ Այս տարվա վեց ամիսներին արդյունաբերության ոլորոտում աճը ընդամենը 1 տոկոս է։ Բազային էֆեկտը անցած տարի բավականին բարձր էր, իսկ այսօրվա ցուցանիշները, երբ համեմատում ենք, դանդաղում է նկատվում», – ասում է տնտեսագետը։

Միջնաժամկետ հատվածում կանխատեսվող բարձր տնտեսական աճի պայմաններում, հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շարունակական բարելավում՝ միջնաժամկետում տարեկան 0.75 տոկոսային կետով, 2026թ այն հասցնելով 25.7%-ի՝  ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշն առնվազն 25.0% մակարդակին հասցնելու թիրախին համահունչ՝ խոստանում են կառավարությունում։

ՄԺԾԾ–ի ցուցանիշներն, ըստ տնտեսագետի՝ լուրջ մտահոգություններ են պարունակում։ Բացատրում է՝ 2022–ի բարձր ցուցանիշները ՌԴ–ից Հայաստան եկած այցելուներով էին պայմանավորված։ Իհարկե տնտեսության ընկալունակություն կա, բայց  բարձր ցուցանիշները վերագրել իրականացվող տնտեսական քաղաքականությանը, լուրջ չէ։ Ուստի մտահոգություններ կան ՄԺԾԾ–ում թիրախները բարձր են։ Հայաստանում տնտեսական աճը հիմնականում ծառայությունների ու առևտրի ոլորտում է, որն էլ պայմանավորված է Հայաստան եկած այցելուներով, զբոսաշրջիկներով ու վերարատահանման ծավալների ավելացմամբ։ Ուստի 7 տոկոս տնտեսական աճի ապահովումն արդեն ռիսկային է՝ ասում է Ջուլիետա Թադևոսյանը։

«Դրամի արժևորումը նույնպես կարող է լուրջ ազդեցություն ունենալ կանխատեսված ցուցանիշների իրականացման վրա։ Հնարավոր է, որ խնդիրներ առաջանան անվանական ՀՆԱ–ի հետ կապված, ինչն էլ իր հերթին կբերի թիրախային մյուս ցուցանիշների թերակատարմանը՝ և հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կարող է փոփոխվել,  բյուջեի պակասուրդը  ավելանալ», – ընդգծում է տնտեսագետը։

Թերահավատ են անգամ կառավարության անդամները։ Օրերս խորհրդարանական հանձնաժողովի նիստում անկեղծացել էր էկոնոմիկայի նախարար Վահան  Քերոբյանը՝  չիմանալով, որ օնլայն հեռարձակում է ապահովվում։