Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Գյումրիի սելեկցիոն կայան»։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, տնօրեն Նորիկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը շրջել է կայանի տարածքով, ծանոթացել ընկերության աշխատանքներին: Մարզպետին է ներկայացվել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններից ստացված բերքն ու անդրադարձ կատարվել բերքի ցուցանիշներին։ Ըստ այդմ, ընկերությունն այս տարի մշակել է 100 հա աշնանացան ցորեն, միջին բերքը տատանվում է 35-38ց-ի սահմաններում։
Մարզպետը շրջել է ընկերության բոլոր ստորաբաժանումներով, ծանոթացել արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին, մեքենասարքավորումների պարկի վիճակին, տոհմային տնտեսությանը, զրուցել աշխատակիցների հետ, լսել նրանց մտահոգություններն ու բարձրացրած հարցերը:
Շրջայցի ավարտին անցկացվել է աշխատանքային քննարկում՝ առանցքում ընկերության խնդիրները, աշխատանքային գործընթացում առկա թերացումների ու բացթողումների շտկումը, որին մարզպետի աշխատակազմի և սելեկցիոն կայանի պատասխանատուներից զատ, մասնակցել են նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության երկրագործության և սերմնաբուծության բաժնի պետ Գոհարիկ Օսիպյանը և ներդրումային ծրագրերի վարչության ենթակա ընկերությունների բաժնի պետ Մասիս Նասիբյանը։
Կարևորելով կայանի դերը ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում՝ մարզպետը նշել է․ «Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումը և որակյալ արտադրանք ունենալը մեզ համար էական նշանակություն ունի, պատահական չէ` այս կայանը հանրապետության ամենամեծ սերմնաբուծական գիտական կենտրոնն է, ուստի անհրաժեշտ է գիտական այս կենտրոնի հզորությունները ճիշտ օգտագործել, այստեղ անելիքներ ունեն բոլոր պատասխանատուները, մենք ևս պատրաստ ենք ցանկացած հարցում աջակցելու, սակայն պետք է հասկանալ կարևոր հանգամանք՝ պետական միջոցները պետք է նպատակային ծախսվեն, ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում գյուղատնտեսության բնագավառի զարգացման համար, այդ թվում հստակ աջակցություն է եղել կայանին՝ տրամադրվել է ժամանակակից գյուղտեխնիկա, որի կիրառմամբ հնարավոր է գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և բարձրացնել արտադրողականությունը: Ցավում եմ, որ ցուցանիշներն այդքան խոսուն չեն։ Սա նշանակում է անելիքներ դեռ կան»։
Քննարկման ժամանակ «Գյումրիի սելեկցիոն կայանի» տնօրենը և ստորաբաժանումների ներկայացուցիչներն առանձին ներկայացրել են կատարված աշխատանքները, անդրադարձ է կատարվել գիտական փորձարկումներին և դրանց արդյունքներին, առկա խնդիրներին ու առաջացած բարդություններին, ընկերության հետագա անելիքներին։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել համագործակցությունն առավել սերտացնելու և համատեղ աշխատանքով ընկերության գործունեությունը բարելավելու ուղղությամբ, քանզի հացահատիկային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի, բանջարանոցային մշակաբույսերի, հատիկաընդեղենների և այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող ընկերության աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ամբողջ հանրապետության համար: