Հունաստանում ձիթայուղի արտադրությունը երաշտի պատճառով կնվազի
Շոգը, երաշտը, վնասատուներն ու անտառային հրդեհները Հունաստանում ձիթապտղի յուղի արտադրության կտրուկ անկում կառաջացնեն, - գրում է libre.gr-ը։
Պորտալի տվյալներով, երկրի բերքը կնվազի մեկ երրորդով՝ անցյալ տարվա 300 հազար տոննայից իջնելով 200 հազարի։ Բացի այդ, Հարավային Եվրոպայում այդ ցուցանիշն անմիջապես կնվազի 40%-ով։
Եվրահանձնաժողովը հաշվարկել է, որ ձիթապտղի յուղի արտադրությունը տարածաշրջանում 2022 թվականի 2,272 մլն տոննայից կնվազի մինչև 1,391 մլն տոննա։
Ընդ որում, Հունաստանում դեռ երկու ամիս է մնացել հաջորդ բերքահավաքին, սակայն ձիթայուղ արտադրողներն արդեն անհանգստացած են երաշտի և ջերմաստիճանի աննորմալ բարձրացման ֆոնով, ինչը խանգարել է պտղաբերությանը։
Մինչ այս Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր ձիթապտղի յուղի արտահանումը մինչև նոյեմբերի 1-ը դադարեցնելու մասին։