Ռոբերտ Խաչատրյանն ու Հունգարիայի դեսպանը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունգարիայի դեսպանատան առաջին քարտուղար Զոլտան Հեգին: Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին:
Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով: Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ներուժը և նշել, որ Հունգարիան առաջատարներից է STEM կրթության ծրագրերի իրականացմամբ, ենթակառուցվածքներով հագեցած արդյունաբերական պարկերով, որի փորձով պատրաստ են կիսվել Հայաստանի հետ:
Դեսպանի խոսքով՝ թեև իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն չկա, սակայն այլ նախարարություններ իրականացնում են տեխնոլոգիական արդյունաբերության գործառույթներ և պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի հետ: Կողմերը քննարկել են նաև տիեզերական տեխնոլոգիաների, ինժեներիայի, հետազոտությունների ու մշակումների (R&D) էկոհամակարգի, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։ Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց իրականացնել Ինժեներական քաղաք և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Դեսպանն էլ իր հերթին հրավիրել է Ռոբերտ Խաչատրյանին Հունգարիա՝ ծանոթանալու իրենց երկրի տեխնոլոգիական և գիտակրթական հաստատությունների գործունեությանը, ՏՏ ոլորտում հունգարական փորձին, ինչպես նաև օգոստոսին Երևանում կայանալիք Հունգարիայի ազգային տոնին: