Երևանի Օրհուս գրասենյակում կայացել է «ՀՀ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծին նվիրված հանրային քննարկում
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Երևանի Օրհուս գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։
Ըստ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի հաղորդագրության՝ քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության և կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներ, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին' նախարար Հակոբ Սիմիդյանը նախ անդրադարձել է քննարկումը Օրհուս կենտրոնում նախաձեռնելու նպատակին։
«Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու համատեքստում խիստ կարևորում եմ այս քննարկումը հենց այստեղ կազմակերպելու հանգամանքը և ակնկալում եմ հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում: Համոզված եմ՝ կառուցողական մտքերի փոխանակման արդյունքում ոչ միան կստանանք ներառական և համապարփակ փաստաթուղթ, այլև հստակ կնախանշենք մեր ակնկալիքները օրենքի նախագծից»,- նշել է նախարարը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրկոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են նախագիծը, որին հաջորդել է ակտիվ քաննարկում։
Շրջակա միջավայրի պահպանության ստեղծմամբ նախատեսվում է շրջակա միջավայրի և անտառների պահպանության ոլորտում իրականացնել բարեփոխում, որով նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների («Խոսրովի անտառ» պետական արգելոց», «Զանգեզուր» կենսոլորտային համալիր», «Արգելոցապարկային համալիր», «Արփի լիճ» ազգային պարկ», «Դիլիջան» ազգային պարկ», «Սևան» ազգային պարկ») և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Շրջակա միջավայրի պահպանության ծառայության՝ որպես պետական ծառայության նոր տեսակի ստեղծումը խիստ անհրաժեշտ է բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում պահպանությունը պատշաճ իրականացնելու նպատակով։
Նախագծի շուրջ քննարկումները կլինեն շարունակական։