Անդրանիկ Գրիգորյան. Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Կոնվերս Բանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի:
Ձեզ ենք ներկայացնում պարոն Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ:
Կառավարման ինչպիսի՞ որակներ և հմտություններ են նպաստել Ձեր և Կոնվերս Բանկի հաջողությանը:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեցի բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ ֆինանսական համակարգը բախվում էր նոր մարտահրավերների: Միաժամանակ, դա մի շրջան էր, երբ ռիսկերի զսպմանը միտված հավասարակշռված գործելաոճը պիտի զուգակցվեր ծառայությունների թվայնացմանը, նոր պրոդուկտների ու առաջարկների ներդրմանն ուղղված համարձակ քայլերով: Կարծում եմ՝ հաջողությամբ սկսել ենք այդ շրջանը, ինչի ապացույցն են թե՛ Բանկի նոր առաջարկները՝ հիմնականում թվային տիրույթում, թե՛ գրանցված արդյունքները:
Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետել անձնական և աշխատանքային կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով Ձեր պատասխանատվության լայն շրջանակը որպես Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն:
Ճիշտ բաշխել ու կառավարել ժամանակը, ունենալ մասնագետների, համախոհների թիմ՝ որոշումների ընդունման պատվիրակված իրավունքով: Ես թվարկեցի մի քանի գործոն, որոնց շնորհիվ աշխատանք-անձնական կյանք կոնֆլիկտ չեմ ունեցել:
Նոր՝ թվային դարաշրջանում Կոնվերս Բանկը հայտնի է իր նորարար լուծումներով և հաճախորդների համար գործարկած հարմարավետ թվային հարթակներով: Կպատմե՞ք այն հիմնական թվային նախաձեռնությունների մասին, որոնցով Կոնվերս Բանկն առանձնանում է իր մրցակիցներից:
Թվայնացումը պահանջարկ է. հաճախորդի պահանջն է տարբեր ոլորտների ընկերություններից՝ այդ թվում բանկերից, ստեղծելու և ներդնելու թվային գործիքներ, որոնք կհեշտացնեն կյանքը , կօգնեն առանց հավելյալ ջանքերի ստանալ որակյալ ֆինանսական, բանկային ծառայություններ: Մյուս կողմից, որքանով շատ են օգտվում թվային գործիքներից, որքան ավելի շատ են զգում դրանց կիրառման հարմարավետությունը, այնքան մեծանում է պահանջարկը նոր թվային լուծումների նկատմամբ: Քիչ պատմական անդրադարձ անեմ. Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել Մոբայլ հավելվածը, ինչը ոչ միայն նպաստեց Բանկի համապատասխան իմիջի ձեւավորմանը, այլև պարտավորեցրեց զարգանալ, լինել մի քայլ առաջ: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում մի քանի թվային հարթակում: Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ տեսանկյունից լավագույներից է և, բացի արդեն սովորական դարձած գործառնությունների ապահովումը, հաճախորդին հնարավորություն է տալիս վերահսկել կենսաթոշակային հաշիվը, կառավարել բաժանորդագրությունները Visa stop payment համակարգի միջոցով, գնել պարտատոմս: Ի դեպ, ոչ միայն գնել, այլև դառնալ պարտատոմսի սեփականատեր՝ առանց բանկ այցելելու. Մեր ներդրված լուծման շնորհիվ անգամ դեպոզիտար հաշիվը բացվում է Հավելվածի միջոցով հայտի լրացմամբ:
Այսօր մենք աշխատում ենք այլ գործիքների, թվային լուծումների մշակման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:
Թվային դարաշրջանը բիզնեսին կորպորատիվ հաճախորդների փորձառությունը մեծացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն օգտագործում այդ հնարավորությունները հաճախորդների գոհունակության և ներառականության մակարդակը բարձրացնելու համար:
Բիզնես հաճախորդների համար ֆինանսների կառավարման և ֆինանսական գործառնությունների իրականացման հարմարավետ միջավայրի ստեղծման նպատակով մենք ներդրել ենք մի քանի թվային գործիք: Converse Business-ը ֆինանսների կառավարման հարմարավետ ու պարզ հավելված է բիզնեսի համար՝ գործառույթների պատվիրակման, ֆինանսների շարժը դիտելու, տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ: Իսկ ծառայությունների, առևտրի ոլորտի կամ առաքմամբ զբաղվող ընկերություններին առաջարկում ենք նաև C-POS և C-PAY նորարար թվային լուծումները, որոնք հեշտացնում են անկանխիկ վճարումների ընդունումը:
Ֆինտեխ և առցանց բանկային ծառայությունների զարգացմամբ ֆինանսական անվտանգությունն ու վստահությունը ֆինանսական կառույցների նկատմամբ դարձել են կարևոր մտահոգություններ: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն ապահովում իր թվային հարթակների անվտանգությունը, թվային տիրույթում ինչպե՞ս եք ձևավորում և պահպանում հաճախորդների վստահությունը:
Թվային նոր գործիքները, այո, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծում են նաև անվտանգային նոր մարտահրավերներ, որոնք, լավագույն սցենարում, պետք է կանխատեսել ու կանխարգելել: Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ մենք պարբերաբար թարմացնում ենք նաև անվտանգությունն ապահովող գործիքակազմը: Կոնվերս Բանկում գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Ավելին, վերջերս ներդրվեց վստահելի սարք համակարգը, ինչի շնորհիվ հաճախորդները նույնականացվում են նաև թվային հարթակ մուտք գործելու սարքով, իսկ կասկածի պարագայում համակարգը արգելափակվում է:
Այնպես որ, Կոնվերս Բանկի հաճախորդների ֆինանսական միջոցներին երրորդ անձանց հասանելիության հնարավորության ռիսկը գրեթե ամբողջությամբ զսպվում է:
Մեր գործելաոճն այն է, ինչ բնորոշ է բոլոր պատասխանատու կառույցներին. Հնարավոր վտանգների առաջ միայնակ չթողնել հաճախորդին, անել հնարավորը, որ Բանկի հաճախորդ լինելը նրա մոտ ասոցացվի ոչ միայն բանկային գործարքներ կատարելու հնարավորության, այլ անվտանգության, վստահության և պաշտպանվածության հետ:
Թվային միջավայրը շարունակում է զարգանալ. ինչպիսի՞ միտումներ եք ապագայում կանխատեսում բանկային ոլորտում, և ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Կոնվերս Բանկը նոր իրողություններին հարմարվելու ու նոր հնարավորություններն օգտագործելու համար:
Փոխակերպումների դարաշրջանում կարևորվում է ոչ միայն նոր ծառայությունների ներդրումը, այլև դրանց մատուցումը պատշաճ որակով և սեղմ ժամկետում: Հաճախորդը չպետք է զգա այն քայլերը, որ իրականացնում է գործարք կատարելու համար՝ սմարթֆոնի ակտիվացում, Մոբայլ հավելված մուտք և այլն: Նա պիտի լինի իր համար սովորական, հարմարավետ միջավայրում, որտեղ ամեն ինչ պարզ է, հասկանալի, ապահով, աննկատ ու, միաժամանակ, թափանցիկ:
Ներդնել նոր ծառայություններ, կանխագուշակելով հաճախորդի վաղվա ցանկությունն ու կարիքը, և մատուցել որակյալ, պատշաճ ծառայություններ՝ ապահովելով հաճախորդի տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունը. սա է արդի հնարավորությունների կապիտալիզացիան:
Ելնելով Ձեր անձնական և մասնագիտական փորձառությունից՝ ի՞նչ խորհուրդ կտաք նոր մասնագետներին, որոնք ձգտում են էական ազդեցություն թողնել բանկային համակարգի վրա և անցում կատարել թվային դարաշրջանի:
Քայլեք ժամանակին համընթաց, մի խուսափեք նորարարություններից, յուրաքանչյուր աշխատավայրից քաղեք առավելագույնը, ստացեք ավելին, քան պետք է ձեր աշխատանքային պարտականությունների կատարման համար, կրթվեք, զարգացեք և Ձեր գիտելիքը կիրառեք հանուն բարօրության:
Ձեր ուղերձը AmCham համայնքին:
AmCham-ը կառույց է, որ միավորում է ոչ միայն տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, կառույցներ, այլև հարթակ, որը միավորում է առաջադեմ, նորարար մտածողությամբ մարդկանց: Կարծում եմ, որ միավորելով մեր ջանքներն ու հնարավորությունները, կարող ենք մեծ ներդրում ունենալ մեր երկրի ապագայի կերտման հարցում: