Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտել 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում
«Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախատեսվում է ավարտել ՀՀ Շիրակի մարզի Ազատանի միջնակարգ դպրոցի կառուցումը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող Ասիական զարգացման բանկի՝ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է։ 384 աշակերտական տեղով դպրոցի շինաշխատանքները մեկնարկել են 2021 թվականին։
Ազատանի միջնակարգ դպրոցի գույքային խնդիրների լուծմանը ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ գումար կուղղվի։
Նախատեսվում է ձեռքբերել ուսուցչական, ճաշարանի, լաբորատոր, հիմնական և տարրական դասարանների սեղաններ, գրատախտակներ, աշակերտական և ուսուցչական աթոռներ։ Միջոցներն ամբողջությամբ չբավարարելու դեպքում կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում: