Գույքագրել ենք մի շարք խնդիրներ, անդրադարձել տարբեր հարցերի, որոնց լուծման ուղղությամբ մեր գործուն քայլերը չեն ուշանալու․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արթիկ, Անի և Ախուրյան համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու էմմա Պալյանը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Հանդիպման մեկնարկին մարզպետը շնորհավորել և արգասավոր աշխատանք է մաղթել Ախուրյանի նորընտիր համայնքապետ Զավեն Մանուկյանին։
Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքաշինական մի շարք նախագծերի և դրանց իրականացմանը։
Մուշեղ Մուրադյանը կարևորելով մարզպետի աշխատակազմի և համայնքների համատեղ աշխատանքը՝ նշել է, որ համայնքային ցանկացած խնդրի լուծման համար լիազորությունների շրջանակում քայլեր կձեռնարկվի․ «Համայնքներ աշխատանքային այցերի ընթացքում գույքագրել ենք մի շարք խնդիրներ, անդրադարձել ենք տարբեր հարցերի, որոնց լուծման ուղղությամբ մեր գործուն քայլերը չեն ուշանալու։ Անելու ենք ամեն ինչ օրենքի շրջանակներում խնդիրներին լուծում գտնելու համար։ Հարգելի համայնքապետեր, պետք է հետևողական լինեք և խստապահանջ, որպեսզի արդյունքները տեսանելի լինեն»։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքներին և ծրագրերին առնչվող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել դրանց ընթացքի, առաջացած հիմնահարցերի մասին։