Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը խորհրդականներ Կարեն Բալյանի և Նվարդ Հարությունյանի հետ հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ու կազմակերպության այլ աշխատակիցների։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հյուրերը ներկայացրել են Սյունիքում մեկնարկող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները։
Դրա շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն մարզի համայնքահեն ՀԿ-ներին ու հիմնադրամներին՝ ուղղված «կանաչ» էներգիայի հասանելիությանը, խոցելի անձանց կենսական կարիքների բավարարմանը, կենսապահովման հնարավորությունների ընդլայնմանը, զբաղվածության հեռանկարներին, ճգնաժամերի նկատմամբ դիմակայունության խթանմանը և այլն։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մարզի տարբեր համայնքներում տեսնում է ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, դրանց արդյունավետությունը, ու իր հերթին որոշ լուծումներ առաջարկեց՝ ընթացիկ ծրագրերում ավելացումներ կատարելու համար, և Նաթիա Նացվլիշվիլին ընդունեց դրանք։
Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության ծրագրի մասին, որն այժմ իրականացվում է Քաջարան համայնքում՝ միաժամանակ և՛ գեղեցկացնելով շենքերի արտաքին տեսքը, և՛ ապահովելով բնակարանների կայուն ջերմությունը, անդրադարձան ականապատված տարածքների հումանիտար մաքրման, սոցիալ-տնտեսական, առողջապահական ծրագրերին ևս։
Քննարկվեցին կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները, ապագա համագործակցության հետ կապված հարցեր։