Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Թումանյան փողոցը
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյան փողոցի 256 գծամետր երկարության հատվածը։
Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքները ներառում են ճանապարհի ասֆալտապատում և մայթերի սալարկում։ Նախատեսված է երթևեկելի հատվածում ասֆալտապատում՝ 5 սանտիմետր հաստությամբ և 9-ից 9,6 մետր լայնությամբ մակերես, որը կազմում է 2414 քառակուսի մետր, որից 65 քառակուսի մետրը բաժին է ընկնում իջատեղերին՝ կից փողոցների հատման մասերին։
Թումանյան փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Թումանյան փողոցի մայթերի սալարկման պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի սկզբներից և կավարտվեն 2023 թվականի նոյեմբերին։
«Այժմ կատարվում են գրունտի քանդման, հարթեցման և բնահողի տեղափոխման աշխատանքներ։ Արդիականացվում են գոյություն ունեցող դիտահորերը, կառուցվում է ջրահեռացման համակարգ։
Մայթերը սահմանազատվում են բազալտե եզրաքարերով և կսալարկվեն բազալտե սալիկներով։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ քամփնի» կազմակերպությունը։