Ձորագյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր

Ձորագյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր՝117 միլիոն 574 հազար դրամ ընդհանուր գումարով։

Սուբվենցիոն առաջին ծրագրով  արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Ձորագյուղի 10 փողոցներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է  38 միլիոն 654 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերին և ավարտվել դեկտեմբերի առաջին տասնօրյակում։ Ծրագրի իրականացման արդյունքում  Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանցը կառուցվել է 5190 գծամետր երկարությամբ, 3-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 18-րդ և 26-րդ փողոցներում։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 173 լուսատու։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով  հիմնանորոգվել  է «Շիրին» թաղամասի խմելու ջրատարի ներքին ցանցը՝ 1 կիլոմետր երկարությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 24 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում խմելու  ջրատարի ներքին ցանցում վերացել են ջրի կորուստները, իսկ թաղամասում բնակվող 200 ընտանիքներ արդեն ունեն անխափան և մաքուր ջրամատակարարում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի  սեպտեմբերից և ավարտվել  նույն տարվա վերջին։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով  հիմնանորոգվել է Ձորագյուղի  «Այգիներ» կոչվող թաղամասի գետի հունից մինչև Վարդաձոր գյուղի սահման հասնող ջրանցքը։ Ոռոգման ջրանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 34 միլիոն 920 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա վերջին։ Ջրանցքը հիմնանորոգվել է երկաթբետոնյա կիսախողովակներով՝ շուրջ 1 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ջուրը սպառողներին մատակարարվում է անկորուստ և ժամանակին։ Ծրագրից օգտվում է շուրջ 800 տնտեսություն։

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Ձորագյուղի մշակույթի կենտրոնի բակում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերից և 2023 թվականի հուլիսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում Ձորագյուղի մշակույթի կենտրոնի բակն ասֆալտապատվել է շուրջ 2 հազար քառակուսի մետր մակերեսով։