Ծակքարում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր

Ծակքարում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվել է սուբվենցիոն 4 ծրագիր՝ 186 միլիոն 280 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Սուբվենցիոն առաջին ծրագրով կառուցվել  է 10 և 6-րդ փողոցներն իրար կապող կամուրջը։

Կամրջի կառուցման պայմանագրային արժեքը կազմել  է 20 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերին և  ավարտվել տարեվերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում երկու փողոցների  միջև հաստատվել է ճանապարհային ավելի կարճ ու դյուրին հաղորդակցություն։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով հիմնանորոգվել է 15-րդ փողոցը, որի  պայմանագրային արժեքը կազմել է  45 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտվել տարեվերջին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի 15-րդ փողոցն ասֆալտապատվել է  550 գծամետր երկարությամբ և 1964 մետր մակերեսով։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով  հիմնանորոգվում է Ծակքարի մշակույթի տունը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 280 հազար դրամ, որի կեսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մյուս կեսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և 2023 թվականի հուլիսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել  են մշակույթի տան շենքի հատակը, ներսի պատերը, սենյակները, փոխվել են դռները և լուսամուտները, կատարվել են հիմքերի ուժեղացման աշխատանքներ։

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվել Ծակքարի բնական կամուրջ տանող ճանապարհին, 1-ին և 2-րդ փողոցներում, հուշահամալիրի տարածքում, 6-րդ փողոցի, 4-րդ և 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքներում։

Ծակքարի լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 41 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի  սեպտեմբերին և ավարտվել նույն տարվա վերջին։

Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել 7,1 կիլոմետր ընդհանուր  երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 237 լուսատու։