Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 395 մլն դոլարի վնաս

Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 395 մլն դոլարի վնաս

Շրջափակման 208-րդ օրը ԼՂ կառավարության տեղեկագրում ներկայացվել են օրվա վիճակագրական թարմացումները: Ըստ պաշտոնական տեղեկագրի՝ պատկերը հետևյալն է.

ԼՂ բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 609 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո վերջերս վերականգնված տեղափոխումները արդեն 10 օր շարունակ լրիվությամբ ընդհատվել են։ Հունիսի 25-ից կրկին վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով:

Շրջափակման հետևանքով իրենց տներ չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձ, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 202 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (208 օրվա ընթացքում մարդկանց 509 600-ի փոխարեն՝ 2 521 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 55 ելքի և մուտքի դեպք՝ միայն Կարմիր Խաչի կողմից հիվանդների տեղափոխման տեսքով):

Արգելափակված ճանապարհով ԼՂ քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 65 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (208 օրվա ընթացքում 191 360-ի փոխարեն՝ 2,923 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 12 մուտք և ելք` միայն Կարմիր խաչի կողմից:

Շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (208 օրվա ընթացքում մոտ 83 200 տոննայի փոխարեն՝ 5 715 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 15 տոննա`բացառապես դեղորայք՝ միայն Կարմիր խաչի կողմից):

Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 142 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից ԼՂ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 179 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11 000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։

Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3 717 բնակարանի, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։

Շրջափակման ընթացքում ԼՂ տնտեսությանը հասցվել է շուրջ 395 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 44 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: