Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ Վահան բնակավայր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ այցելեց Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր, որտեղ դիտարկեց 2023 թվականի ապրիլի 28-ից մեկնարկած Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներից։

Ընթանում են հողային հարթեցման, երկու կամուրջների հիմնանորոգման աշխատանքներ, կառուցվել են մայթերը, անցկացվել ջրահեռացման համակարգ։ Օրերս արդեն կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթևեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։ Ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ։

Վահան բնակավայրում մարզպետն այցելեց տեղի միջնակարգ դպրոց, շրջեց տարածքում, ծանոթացավ մտահոգող խնդիրներին և առաջարկեց տնօրենին ներկայացնել դպրոցին անհրաժեշտ գույքի և պայմանների բարելավմանն ուղղված կարիքների ցանկ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և աջակցություն ցուցաբերելու համար։
Վահանի միջնակարգ դպրոցի բակում Կարեն Սարգսյանը դիտարկեց ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով գյուղի դպրոցի և մանկապարտեզի կարիքների համար կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքը։
Ծրագիրը ներառվել է ՀՀ Վարչապետի 2020 թվականին Վահան կատարած այցի ընթացքում արձանագրված խոստումների ցանկում։ Ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ ամսվա ընթացքում։

Այնուհետև մարզպետը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Վահան բնակավայրի շուրջ 2,5 կիլոմետր երկարության արտաքին ջրագծի վերանորոգման աշխատանքներին։
Ծրագիրը ենթադրում է աղբյուրակապերի վերանորոգման, ինչպես նաև հին խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներ։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 091 825 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականի վերջերին։
Այցի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջեց նաև Վահանի մանկապարտեզում, որից հետո Ճամբարակ համայնքի ղեկավարի և Վահանի վարչական ղեկավարի հետ քննարկեց բնակավայրին վերաբերող հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։