Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Շիրակ» օդանավակայան

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է «Շիրակ» օդանավակայան
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Շիրակ» օդանավակայան։ Մարզպետը հետևել է մեկնման նոր սրահի վերանորոգման աշխատանքներին, այնուհետև օդանավակայանի ղեկավար Արմինե Աբրահամյանի, շինարարի ու մյուս պատասխանատուների հետ անցկացվել է քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել իրականացվող աշխատանքների ընթացքին, առաջացած խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
 
Մարզպետը կարևորել է Շիրակի մարզում միջազգային չափանիշներին համապատասխան օդանավակայան ունենալն ու նշել, որ օդանավակայնի գործունեության ընդլայնումն ու պայմանների բարելավումը կարևոր գրավական կդառնա մարզի, մասնավորապես, Գյումրու զարգացման համար, օդանավակայանի գործունեությունը կարևոր նախապայման է դիտարկվում նաև Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մեջ։
 
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից և ցուցանիշներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
 
Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982-ին: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007 թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը` 3220 մ., լայնությունը`45 մ.), տեղադրվել է Ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ։
 
Թռիչքուղու ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ իրականացվել են նաև 2021 թ-ին, շահագործման է հանձնվել ժամանման նոր սրահը: Օդանավակայանը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: