Հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակները

Հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Որոշմամբ առաջարկվում է 2023 թ. հուլիսի 1-ից սահմանել՝ նվազագույն կենսաթոշակի չափը` 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 24000 դրամ (21000 դրամի փոխարեն), զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1750 դրամ (1600 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջարկվում է սահմանել` ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50600 դրամ (46000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41400 դրամ (36000 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38000 դրամ (33000 դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 38000 դրամ (33000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120000 դրամ (90000 դրամի փոխարեն)։

Որոշմամբ առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` հաշմանդամության նպաստների դեպքում տարբերակելով նպաստի չափերը։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել. ծերության նպաստի չափը՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39000 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37500 դրամ (31600 դրամի փոխարեն), ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ (31600 դրամի փոխարեն)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որոշմամբ իրականացվում է ՀՀ կառավարության ծրագրում տրված խոստումը՝ նվազագույն և միջին կենսաթոշակի չափերը հավասարեցնել, համապատասխանաբար, պարենային, սպառողական զամբյուղների արժեքներին: Ըստ նախարարի՝ այս տրամաբանությամբ դեռևս 2022 թ.-ին երկու անգամ կենսաթոշակների չափերը բարձրացվել են և ներդրվել է հետվճարի նոր ինստիտուտ: «Ներկայացվող նախագծով միջին կենսաթոշակը կբարձրանա 7,1 տոկոսով՝ 46,100 դրամից հասնելով 49,700 դրամի: Զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87,590 դրամից կհասնի 91,600 դրամի: Այս բարձրացումով 2026 թվականի նվազագույն կենսաթոշակի պարենային զամբյուղին հասցնելու կառավարության ծրագրով ամրագրված նպատակը գրեթե ապահովվում է 2023 թվականի հուլիսի 1-ին, որովհետև այդ հարաբերակցությունը 99,5 տոկոս է»,- ասել է նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի առաջնահերթությունների մեջ է մտնում այս նվազագույն և միջին կենսաթոշակի չափերի համապատասխանեցումը զամբյուղների արժեքներին. «Մենք նաև ունենք դրական դինամիկա միջին կենսաթոշակի և սպառողական զամբյուղի հարաբերակցության առումով: Այս պահին 68,9 տոկոս է, բայց հուլիսի 1-ի բարձրացմամբ մենք այդ հարաբերակցությունը հասցնում ենք 73,7 տոկոսի»:

Նախարարը նշել է նաև, որ նվազագույն կենսաթոշակը 2018 թ.-ից ի վեր այս պահի դրությամբ բարձրացվել է 225 տոկոսով. 16,000 դրամից դարձնելով 36,000 դրամ. «Այն դեպքում, երբ ասում ենք, որ նաև պարենի զամբյուղն է գնաճ գրանցել: Պարենի գնաճը 73 տոկոս է, իսկ կենսաթոշակինը՝ 225 տոկոս»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որոշմամբ, միջնաժամկետ ծախսերի ծրագրով տեմպը պահելու, ինչպես նաև անկանխիկի համակարգը լավարկելու արդյունքում էական բարձր ցուցանիշ կապահովվի: «Այս ամեն ինչը տեղի է ունենում աշխատող, արդյունք ստեղծող և ՀՀ օրենսդրության համապատասխան հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ»,-ասել է վարչապետը: