Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, ուժային կառույցների պատասխանատուների հետ հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շիրակի մարզպետը,կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունը մարզի մարզամշակութային կյանքի աշխուժացման գործում՝ ընդգծել է, որ կարվի ամեն հնարավորը բարձր մակարդակով դրանք անցկացնելու ուղղությամբ։
Իշխան Զաքարյանն էլ անդրադառնալով արդեն մեկնարկած աշխատանքների ընթացքին՝ նշել է, որ օր օրի ավելանում է խաղերին մասնակցելու ցանկություն հայտնած երկրների ու մարզիկների թիվը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, որից հետո տեղի է ունենալու վիճակահանություն։ Այս պահի տվյալներով, ամենամեծ պատվիրակությունը կժամանի Ռուսաստանի Դաշնությունից՝ 18 քաղաքից շուրջ 430 մասնակից, այնուհետև Թուրքիայից՝ 5 քաղաքից 374 մասնակից, Վրաստանից՝ 7 քաղաքից 301 մասնակից, 247 մասնակից 10 քաղաքից կժամանի ԱՄՆ-ից, 180 մասնակից էլ հայտագրվել է Ֆրանսիայից, պատվիրակություններ կլինեն Արգենտինայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից՝ Հայաստանի մասնակիցների հետ ընդհանուր մինչ այժմ գրանցված մարզիկների թիվը հասնում է 5500-ի։
Առաջիկա օրերին կձևավորվի մարզային շտաբ, որն համակարգելու է կազմակերպչական աշխատանքները, ջահի վառման արարողությունը նախնական պայմանավորվածության համաձայն կլինի հուլիսի 22-ին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի անցկացմանն ու մասնակիցների կեցությանն առնչվող կազմակերպչական մի շարք հարցեր, մասնավորապես, քաղաքի արտաքին ձևավորմանը, առավել բանուկ հատվածներում էկրաններ տեղադրելուն, կապի, արագ սննդի, անվտանգ տեղաշարժի ապահովմանը, ինչպես նաև բոլոր մարզադահլիճներում և կեցության վայրերում ոստիկանական հսկողության ուժեղացմանը, արտակարգ իրավիճակների և շտապօգնության ծառայությունների աշխատանքին առնչվող հարցեր: