«ՏՏ ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան

«ՏՏ  ընկերություններին աջակցման նոր փաթեթն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ»․ Արսեն Ղազարյան

Հաճախ ենք բախվում այն իրողությանը, երբ պետական այս կամ այն գերատեսչությունը հանդես է գալիս որևէ օրենսդրական կամ որոշման նախաձեռնությամբ՝ առանց քննարկելու, խորհրդակցելու համապատասխան ոլորտի ներկայացուցիչների, գիտակների հետ։

Նման կարծիք է հայտնել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ անդամների հետ հանդիպման ժամանակ։ Որպես ամենաթարմ օրինակ նա անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված  տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի աջակցման նոր փաթեթին, որով առաջարկվում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով:

«Առաջին հայացքից, թվում է, թե աջակցման լավ նախաձեռնություն է, բայց, ըստ էության, այն ամբողջ ոլորտը դնում է հարվածի տակ՝ անհավասար մրցակցային դաշտ ստեղծելով ընկերությունների համար», - նշել է Արսեն Ղազարյանը։

Բանն այն է, որ աջակցության համար սահմանված է ֆիլտր, ըստ որի հարկման նոր արտոնությունը տարածվելու է միայն այն ընկերությունների աշխատակիցների վրա, որոնց համախառն եկամտի նվազագույնը 80%-ն առաջանում է ՏՏ ծառայությունների արտահանման արդյունքում:

Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոլորտը ներկայացնող գործարարների շրջանում։ Նախ՝ եթե նպատակ կա աջակցել ընկերություններին, ապա ինչո՞ւ  է այն առնչվում եկամտահարկին, որը վճարում է ոչ թե ընկերությունը, այլ աշխատակիցը։

Ուսումնասիրված չէ, թե աջակցման այս ծրագիրն արդյունքում ինչի՞ կհանգեցնի, քանի որ  հիմնական արտահանողներն աուտսորսինգ ընկերություններն են, որոնց մեծ մասն արտասահմանյան է։ Ընդ որում՝ հիմնական թիրախում հայտնվում են  ռելոկացիա եղած ընկերությունները, որոնք ինչ-ինչ պատճառներով են տեղափոխվել Հայաստան։ Ստացվում է, որ մենք արտասահմանյան ընկերություններին նվեր ենք տալիս բավականին մեծ գումար՝ ի հաշիվ տեղական ընկերությունների և աշխատակիցների։   Ինչո՞ւ պետք  հայրենական ՏՏ ընկերության աշխատակիցը վճարի 20%, իսկ մյուսինը՝ 5% հարկ։

Տեղական ՏՏ ընկերությունները գործելու են անհավասար մրցակցային պայմաններում, այդ թվում՝ գիտահետազոտական աշխատանք տանող կազմակերպությունները, որոնք այս պահին արտահանում չունեն՝ կունենան մեկ-երկու տարուց։ Իսկ հարկման նոր կարգի պարագայում վերջիններիս աշխատակիցները կնախընտրեն տեղափոխվել այն ընկերություններ, որտեղ եկամտահարկն ավելի քիչ է։ «Մենք, կարծես թե, տեղական ընկերություններին ստիպում ենք գնալ գրանցվել արտերկում, նոր միայն գործունեություն ծավալել Հայաստանում» ,- նշել է ՀԱԳՄ նախագահը։

Արսեն Ղազարյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի աշխատակիցների մեծ մասն օգտվում է հիպոթեքային վարկերից, որի դեպքում եկամտահարկը հետ է վերադարձվում։ Ծրագրի իրագործման պարագայում,  երբ եկամտահարկը պակասի, կստացվի, որ մարդիկ իրենց ռեալ աշխատավարձից պետք է փակեն հիպոթեքային վարկերը։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու գործատուների համար, քանի որ աշխատակիցները պահանջելու են համապատասխան չափով բարձրացնել իրենց աշխատավարձերը։

Ի դեպ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժեվորմամբ։ Այդ դեպքում ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այլ ոլորտների հայրենական արտահանող ընկերություններին աջակցության համար, որոնք էական խնդիրների առջև են կանգնած ճիշտ նույն պատճառով։

«Մենք քանիցս գործադիրի, օրենսդիրի  առջև բարձրաձայնել ենք, որ եթե իրականացվում է որևէ ծրագիր, ապա այն պետք է լինի ոլորտային, այլ ոչ թե առանձին վերցված հատուկ ընկերությունների համար, որպեսզի խուսափենք մրցակցության խեղաթյուրումից», - նշել է ՀԱԳՄ նախագահը։ Ըստ նրա՝ չպետք է որոշումներ, օրենքներ ընդունվեն՝ առանց նախապես խորհրդակցելու, մասնագիտական քննարկում անցկացնելու, համաձայնեցնելու ոլորտային ընկերությունների, գործարարների հետ։ 

Աղբյուրը՝   hy.armradio.am