Խորհրդարանը հաստատեց 2022-ի պետբյուջեի կատարման հաշվետվությունը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը: Հաշվետվությւոնը հաստատելու մասին նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 11-ը:
«Հայաստան» խմբացության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու: Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը:
Խորհրդարանը լիագումար նիստում բյուջեի կատարման հաշվետվությունը սկսել էր քննարկել հունիսի 14-ից: Հունիսի 15-ին արդեն նախարարների, պատգամավորների ելույթներից հետո եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2022-ի սկզբի համար արվել էր 1 տրլն 947 մլրդ դրամի եկամուտների կանխատեսում, տարվա ընթացքում եկամուտներն ավելացել են 110 մլրդ դրամով: Իսկ ծախսերը պլանավորված են եղել 2 տրլն 184 մլրդ, ավելացել են 103 մլրդ դրամով: Արդյունքում պլանավորված դեֆիցիտը նվազել է 6.5 մլրդ դրամով: