Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը

Մենք ոչ թե չաշխատելու, այլ արժանապատվորեն աշխատելու կողմնակից ենք․ Երևանում նշվեց Աշխատանքի միջազգային օրը

Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից այգուց, Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքից Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն Աշխատանքի միջազգային օրվա առթիվ անցկացրեց ավանդական երթ՝ հիշեցնելով սոցիալական արդարության, աշխատողների համերաշխության, ժողովրդավարության և սոցիալական երկխոսության կարևորության մասին։ Երթը մեկնարկեց մետրոյի հարակից այգուց և շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային միության նախագահ Անահիտ Ասատրյանը երթից առաջ նշեց, որ իրենք տարբեր կազմակերպություններում ունեն արհմիություններ, որոնց ներկայացուցիչներին դիմել են կոչով՝ միանալու երթին և հավաքի ընթացքում քննարկել աշխատավորներին առնչվող կարևոր հարցեր։ Նրա տեղեկացմամբ՝ կան որոշակի խնդիրներ, որոնք կապված են նաև արհմիությունների հետ, մինչդեռ վերջիններս պետք է ուժեղ լինեն, որպեսզի կարողանան աշխատողների իրավունքները պաշտպանել ու առաջ մղել նրանց շահերը։ 

«Մենք միայն իրավասու ենք բարձրաձայնել խնդիրները, սակայն որևէ բան պարտավորեցնել չենք կարող։ Պարզապես ներկայացնում ենք առաջարկներ, ցուցաբերում նախաձեռնողականություն։ Աշխատանքային օրենսգրքում անցյալ տարի կատարվեցին զգալի փոփոխություններ, սակայն մեր առաջարկների մի մասն այդպես էլ տեղ չգտավ փաստաթղթում։ Օրենսգիրքը սահմանում է, որ կոլեկտիվ բանակցությունները հիմնված են ազատ կամարտահայտության վրա, ինչը նշանակում է, որ գործատուն կարող է նաև չբանակցել։ Ցավոք, դեռ չենք հասել նրան, որ փաստաթղթում հակառակն ամրագրվի։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այդ հարցն էլ կլուծվի, որովհետև արդեն քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում։ Վերջերս հանդիպեցինք նաև Լիտվայից ժամանած գործընկերների հետ, ովքեր նույնպես կարևորեցին այդ խնդիրը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ասատրյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը 2009 թվականից դրսևորեց բարի կամք և քայլեր կատարեց կոլեկտիվ բանակցություններ անցկացնելու ուղղությամբ։ Քննարկումներն ընթացան արհմիությունների, գործատուների ու կառավարության միջև, սակայն պրոցեսը կրում էր դեկլարատիվ բնույթ։

Մանրամասները՝ այստեղ